Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Քաղաքականի ու ոչքաղաքականի սահմանագիծը

Քաղաքականի ու ոչքաղաքականի սահմանագիծը
09.12.2014 | 12:42

Երեկ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում: Հնչած հարցերին ի պատասխան՝ նախարարը պնդել է, որ Հայաստանում քաղկալանավորներ չկան: Մի քիչ անտրամաբանական կհնչեր նույնիսկ, եթե նախարարից այլ պատասխան լսեինք: Քաղկալանավորների առկայության փաստն անտեսվել է նույնիսկ խորհրդային տարիներին, երբ մարդկանց մեկուսացնում էին ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, սակայն դատում էին քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով: Մեր հարևան երկրում՝ Ադրբեջանում, այսօր զուտ քաղաքական պատճառներով մարդկանց կալանավորում են, բայց հերքում են իրենց գործողությունների քաղաքական բաղկացուցիչը: Նույնիսկ բանն այնտեղ է հասել, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցին մեղադրում են այն բանում, որ նա իր մասնագիտական գործունեությամբ մարդուն ինքնասպանության է դրդել: Հայաստանում, իհարկե, վիճակը շատ ավելի բարվոք է, և այնքան մռայլ և տխուր չէ իրականությունը, բայց մենք էլ խնդիր ունենք քաղաքականի ու ոչ քաղաքականի բավականին նուրբ սահմանի հետ: Օրինակ, անցյալ տարի նոյեմբերին, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների արածը մաքուր քաղաքական չես համարի, մյուս կողմից՝ անկարգությունների պատճառ դարձան հենց քաղաքական պահանջները: Եթե պետությունը Շանթենց մեղմ, խորհրդանշական պատիժներ նշանակեր, թերևս քչերը խոսեին գործի քաղաքական բաղկացուցչի մասին, բայց երբ դատապարտում են անգամ Հարությունյանի անչափահաս որդուն, դժվար է միարժեք հերքել, որ գործում առկա է քաղաքական բաղկացուցիչ: Հանրապետության նախագահը կարող է իր նույնիսկ շատ խիստ կարծիքն ունենալ Շանթի ու մյուսների արարքի վերաբերյալ, բայց ճիշտ կլիներ, որ մինչև դատավճիռը նրանց արարքը «հանցագործություն» բառով չբնորոշեր: Պետությունն ունի հարկադրանքի, պատժի գործառույթ, սակայն միշտ պետք է հիշի, որ օժտված է նաև հումանիստական, մարդասիրական առաքելությամբ: Որովհետև, երբ մարդուն անհամարժեք խիստ ես պատժում, առաջանում են կասկածներ, որ նրան հետապնդում ես ու բնավ էլ ոչ այնքան անմեղ պատճառներով:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ